«Եթե նա վաղն առավոտյան հայտարարի, թե երկիրը կլոր է՝ էլի հայհոյվելու է…». Վարդան Հարությունյան

Վարդան Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Պարզ է, Arayik Harutyunyan -ը թիրախավորված է։ Եթե նա վաղն առավոտյան հայտարարի, թե երկիրը կլոր է՝ էլի հայհոյվելու է։ Կարծում եմ, նա այս հանգամանքին հանգիստ պետք է վերաբերվի։ Խնդիրը խորքային չէ։ Մակերեսային է, պարզունակ ու կուսակցական։ Նաեւ՝ քաղաքական։

Եթե ես տաղանդավոր բեմադրիչ լինեի՝ այս որակի «ՀուԶանք ուԶանգ» չէի բեմադրի։ Ոչ Կարա Դարվիշը, ոչ Գեւորգ Աբովը եւ ոչ էլ Ազատ Վշտունին, իմ կարծիքով, այն պոետները չեն, որոնց արժեր հիշել ու հիշատակել։ Բայց իմ տաղանդը չունեցող մեկ այլ բեմադրիչ, իհարկե, կարող էր նման բան ու նման որակով անել։ Ինչն էլ արվել է։ Միայն հիվանդը այնտեղ սատանայականություն կփնտրի ու կտեսնի։

Միայն հիվանդը ամենուր եւ բոլորից ավանդական լինել կպահանջի։ Սկի Քուչակը ավանդական չի, էլ ու՞ր մնաց մոռացված Վշտունուն ֆուտուրիզմի նմուշ համարող ու նրան վերակենդանացնել փորձող մեր այսօրվա բեմադիրչը։

Եթե ես ռեժիսոր լինեի, ոչ թե ստից՝ այլ լավ ռեժիսոր, ապա անկասկած կցանկանայի ֆիլմ նկարահանել Մելինե կամ Մել Դալուզյանի մասին։ Ավելի հետաքրքիր թեմա դժվար գտնվի։ Կնկարահանեի ու կդնեի ամերիկացի Թրուդի Սթեյլերի «Անճոռնիների կրկեսը», իտալացի Լուկիանո Վիսկոնտիի «Մահ Վենետիկում» ու նման այլ ֆիլմերի շարքում ու կասեի՝ եկեք եւ տեսեք, թե մարդկային ի՞նչ ճակատագրերի ու խորքային ինչ թեմաների է կարողանում անդրադառնալ, բացահայտել ու ներկայացնել մեր ժամանակների հայ ռեժիսորը։

Հետն էլ, իմ բարձունքից, կհեգնեի ազգային ու ավանդական արժեքներից խոսացողներին ու ամենուր գեյեր ու սատանաներ փնտրող ու գտնողներին։

Եթե ես կրթության ու գիտության նախարարը լինեի, ապա, անկասկած, կառաջարկեի, որ բուհական ծրագրից, որպես պարտադիր առարկաներ, հանվեն հայոց լեզուն ու պատմությունը, որովհետեւ դրանք պետք է ուսուցանված լինեին դպրոցում։ Իսկ դպրոցից կհանեի եկեղեցու ու կրոնի պատմությունը։

Եւ, վերջապես, եթե ես առողջապահության նախարարը լինեի, ապա ամեն ինչ կանեի, որ բժշկական համալսարանում հոգեբուժության ամբիոնը առանձնահատուկ ուշադրության արժանանա եւ այդ մասնագիտությանը հատկացվող տեղերի քանակը շեշտակի ավելացվի»։