Ես պատրաստ եմ դուրս գալ ու մի տրակտոր վերցնել, ողջ քաղաքն ազատել այդ լկտի շինություններից

Lragir.am-ի հարցերին պատասխանել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը

Պարոն Իսպիրյան, վարչապետը ասաց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դղյակներն ապօրինի են։ Քաղաքապետարանում ի՞նչ է արվում այս խնդրի լուծման նպատակով։

Երևանի ավագանիում չենք քննարկել այդ խնդիրը, սակայն հավանաբար կքննարկենք։ Անպայման պետք է քննարկենք, քանի որ այդ դղյակների կառուցման հարցում կան կոպիտ խախտումներ՝ գլխավոր հատակագծից շեղումներ։ Այդ տարածքներն ապօրինի գրավվել են։ Ես տեղեկություններ ունեմ, որ նույնիսկ շատերն ուզում են օրինականացնել այդ դղյակները։

Նրանից մեկի անունը հայտնի է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է փորձում օրինականացնել։

Դա հյուսիսային ճառագայթի ճանապարհն է, և ես ունեմ օրինական գլխավոր հատակագծով նախատեսված նախագիծը։ Մի շինարար, որը սկիզբ է դրել հյուսիսային ճառագայթի նախագծին, ինձ ցույց է տվել, որ պետք է ճանապարհը բավական լայն ու երկկողմանի լինի։ Հովիկ Աբրահամյանի տան մոտ 1 այլ շինություն է հիմա կառուցվում, չգիտեմ, թե ովքեր են կառուցողները։ Այդ թույլտվությունը նոր իշխանության օրոք չի տրվել, 2016-2017 թվականների թույլտվությունների հիման վրա է կառուցվում։ Կան տեղեկություններ, որ Հովիկ Աբրահամյանը և մի քանի օլիգարխներ թույլ չեն տվել, որ իրենց տան դիմաց շենք կառուցեն։ Սակայն մարդիկ թույլտվությունն ունեն, այժմ կառուցում են, չենք կարող արգելել, եթե փաստաթուղթ ունեն։ Հիմա ոչ մի միլիմետր կառուցապատում չի իրականացվում Երևանում առանց թույլտվության։

Փաստացվի ստացվում է, որ նախկին բարձրաստիան պաշտոնյաների կողմից համայնքային հողերը զավթվել են, ո՞րն է այս խնդրի լուծումն ըստ ձեզ։

Քաղաքապետարանը աշխատասիրությամբ աշխատանք է տանում այդ ուղղությամբ։ Այսօրվա դրությամբ վեց հազար քմ զավթված տարածքներ հետ են բերվել, համայնքին են վերադարձվել։ Խոսքը հատկապես մանկապարտեզերի, դպրոցների շենքերի, խաղահրապարակների տարածքների վերաբերյալ է, հետ են բերվել ու հետ են բերվելու։ Իսկ այս դեպքում քաղաքապետն ու ավագանու անդամները երևի որոշում կայացնեն։ Ես միշտ ասել եմ՝ թող այդ անձինք գան մեր աչքերին նայեն, ասեն՝ ինչո՞ւ են զավթել, լինելով պաշտոնյա մարդ՝ ինչպե՞ս կարողացավ ինքը օրենքը խախտել ու զավթել այդ տարածքները։

Եվ խոսքը միայն Հովիկ Աբրահամյանի մասին չէ, հիմա մենք իր անունն ենք տալիս, սակայն շատ ուրիշ մեծ դղյակներ էլ կան՝ էլի խախտումներով կառուցված։ Մենք գիտենք, թե նախկինում ոնց է եղել, սակայն ամենաէականն այն է, որ այսուհետ այդպես չի լինելու։

Հնարավո՞ր է քանդվեն այդ դղյակները։

Ես չգիտեմ՝ ինչ որոշում կկայացվի, քանի որ այդ բետոնային կառույցները քանդելը բավական մեծ հարցեր կարող է առաջացնել։ Եթե նույնիսկ այսուհետ չթույլատրվեն այդպիսի ապօրինությունները, իրավիճակը կփոխվի։ Իսկ ես հաստատ գիտեմ, որ քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը շատ ազնիվ են այդ խնդրում, իսկ ավագանին ամեն քմ համար խիստ է, մանավանդ հիմա, երբ սկսում ենք նոր ոռոգման համակարգի ներդրման ծրագիրը։ Երևանում կանաչապատման շատ մեծ ծրագիր է սկսվում։

Ես նոր եմ վերադարձել Թել Ավիվից, երեսուն տարվա ընթացքում Թել Ավիվն անապատից վերածվեց աշխարհում յոթերորդ կանաչ քաղաքի։ Երկրի իշխանություններն ամեն ինչ անում են մարդկանց առողջության ու ժամանցի համար։ Իսկ մենք երեսուն տարում մեր կանաչապատ դրախտն ավերեցինք, դարձրեցինք բետոնապատ մի տգեղ տարածք։

Կանաչապատման այդ ծրագրին, իմ կարծիքով, պետք է մասնակցեն նաև նախկին քաղաքապետերը, կանաչապատման հագուստներ հագնեն ու իրենց թիմով աշխատեն։ Իրենք պետք է ամբողջ կյանքում ծառ տնկնեն, ներդրումներ, նվիրատվություններ անեն։ Այժմ նվիրատվությունների մասին օրենքներ են ընդունվում, թող բերեն նվերներ տան համայնքին, մենք սիրում ենք նվերներ ընդունել։

Իսկ բացառվո՞ւմ է այն տարբերակը, որ այդ դղյակները կօրինականացվեն։

Ես ինքս բացառում եմ և դեմ եմ արտահայտվելու այդպիսի նախաձեռնության։ Մարդիկ, ովքեր զբաղեցրել են բարձր պաշտոններ՝ քաղաքապետ, թաղապետ, Ազգային Ժողովի նախագահ, Տարածքային կառավարման նախարար, իրենք ամենամեծ ապօրինություններն ու խախտումներն են արել։ Չգիտեմ, եթե օրինակ ինչ-որ այգի կգնեն կնվիրեն համայնքին կամ կհամաձայնեն երեք հարյուր հազար ծառ տնկել ինչ-որ տարածքում, գուցե քաղաքային իշխանությունները զիջումների գնան։ Սակայն դիմել ու ցանկանալ, որ իր անօրինական շինությունն օրինականացվի, ես բացառում եմ։ Ես կարծում եմ՝ մենք լավ ենք պրծել, եթե մի 5 տարի էլ նրանք իշխանություն լինեին, երևի արդեն հրապարակի մեջտեղում շինություններ կկառուցեին։ Եվ իրենց դեմ ոչ ոք չէր խոսի։

Այս տարվանից մենք պետք է սկսենք մաքրել եւ ջնջել նախկին ողջ սխալները, ամեն վատը, կիսատը։ Ես պայքարելու եմ նաև, որ շինանյութի շուկան, որը մեր ամոթն ու խայտառակությունն է, կարգավորվի, այդ սեփականատերը 100 տարի վարձերը հավաքում է, սակայն 1 դրամի ներդրում չի անում այդտեղ, փնթի ու խոզ վիճակ է։ Շատ օրենքներ կան, որ խանգարում են մեզ, սակայն ես պատրաստ եմ դուրս գալ ու մի տրակտոր վերցնել, ամբողջ քաղաքն ազատել այդ լկտի շինություններից։

Շատ կարևոր է նաև, որ մենք այսօր այնքան պինդ ավագանի ունենք՝ սուր աչք ունեցող, որ ցանկացած խնդիր ֆիքսում են։