Երգեցին քիչ, պարեցին կարճատեւ. Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին կհիմնանորոգվեն, բայց եռապատիկ թանկ

Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները նորից հայտնվել են քննարկումների կիզակետում: Քաղաքապետարանը հերթական վերանորոգման ծրագիրն է առաջարկում՝ նույն բովանդակությամբ եւ նկարագրությամբ, ինչն արվել է 2014-ին:

Խոսքը շատրվանների արդիականացման, ջրային պտույտների ու լուսաձայնային հնարավորություններով շատրվան ունենալու վերաբերյալ է: Բովանդակությունը մնացել է նույնը, փոխվել է միայն ծախսվելիք գումարի չափը: Այն գրեթե եռապատկվել է:

2014 թվականին Վարդանանց հրապարակի վերանորոգման, արդիականացման, նրանց երգել-պարելու հնարավորության ընձեռման համար համայնքի բյուջեից հատկացվել էր քառասուն միլիոն դրամ, աշխատանքներն էլ կատարել էր Սամվել Բալասանյանի դասընկեր, անհատ ձեռներեց Մկրտիչ Նալչաջյանը: Հրապարակի շատրվանները, բայց, չեղան այն, ինչին սպասում էին գյումրեցիները: Դրանք մնացին գունային զանազան երանգավորումներով սովորական շատրվաններ: Երգեցին քիչ, պարեցին՝ կարճատեւ: Պտտվող սարքերը հիմնականում չգործեցին:

Չնայած գումարը քաղաքապետարանը հատկացրեց առանց ուշացումների, քաղաքապետ Սամվել Բալասանյանն այդ ժամանակ հայտարարեց, որ Նալչաջյանը Գյումրիին նվեր է արել, որովհետև այդ աշխատանքի համար քառասուն մլն դրամը շատ քիչ է: Օրերն անցան, ժամանակի ընթացքում էլ շատերը մոռացան, որ Գյումրիին շատրվանային հրաշք էին խոստացել:

Նույն պատմությունը վերակենդանացավ նաեւ այսօր՝ փետրվարի քսանիննին կայացած հանրային քննարկման ժամանակ: Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ կրկին Վարդանանց հրապարակի շատրվանները հիմնանորոգելու, երգել-պարելու հնարավորությամբ ներկայացնելու միտք ունեն: Այս անգամ սակայն, նախատեսվում է համայնքի բյուջեից հատկացնել հարյուր տասներեք մլն դրամ: Աշխատանքները վստահվելու է չինական մի կազմակերպության: «Դա այն ընկերությունն է, որն իրականացրել է Վանաձորի շատրվանների արդիականացման աշխատանքները»,- հավելեց Բալասանյանը:

Այս շատրվանների հիմնանորոգումը հիմնավորող փաստաթղթում, որը ներկայացվել էր հանրային քննարկմանը, նշված էր, որ շատրվանը գտնվում է վատ վիճակում, մետաղական խողովակներն ամբողջությամբ ժանգոտվել են, փտել են: Քննարկմանը ներկա ավագանու անդամները հարցրեցին՝ արդյո՞ք այդ մասով կա հստակ մասնագիտական ուսումնասիրության վրա հիմնված կարծիք:

Հարցը զեկուցող քաղաքապետի տեղակալ Կարապետ Մխչյանն ասաց՝ ուսումնասիրությունները եղել են վիզուալ: «Տեսել են, որ կա խողովակներից կաթոցներ, դրանք երբեք չեն փոխվել, կոսմետիկ ներկման ինչ-որ աշխատանքներ են արվել ընդամենը, կա ջրի որոշակի արտահոսք»,- բացատրեց Մխչյանը: