Լուսավոր, լավատես ու խելացի պատանին 2 տարի առաջ՝ մինչև ծառայության մեկնելը, եկավ խմբագրություն, որ…News.am-ը պատմում է հայրենիքի համար զո հված Ալբերտ Դադոյանի մասին

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայրենիքի համար նահատակված մեր հերոսներին միացավ Արցախում զո հված ժամկետային զինծառայող, քսանամյա Ալբերտ Դադոյանը։

Լուսավոր, լավատես եւ խելացի պատանին 2 տարի առաջ՝ մինչև ժամկետային ծառայության մեկնելը, եկավ NEWS.am–ի խմբագրություն՝ նոր գաղափարներով, լրագրությունը ու հատկապես ՏՏ ոլորտի լրագրությունը Հայաստանում զարգացնելու թարմ, առաջադեմ տեսլականով։

Ալբերտի հետ մեծ ծրագրեր էինք կազմել, որոնք պիտի միասին կյանքի կոչեինք նրա ծառայության ավարտից հետո։ Ալբերտն իր հետ խմբագրություն բերեց իր սերնդին հատուկ լույսը, իր ուժերի եւ ապագայի նկատմամբ վստահությունը, սովորելու եւ իր ճանապարհը գտնելու ձգտումը, իր՝ անկախության սերնդի բարձունքից՝ մեր, ինչպես ինքն էր կատակով ասում, «հներիս» նկատմամբ ունեցած առավելության

գիտակցումը, առավելություն, որն Ալբերտն ու իր սերնդակիցներն այսօր ամեն օր ապացուցում են առաջնագծում, շատերը, ցավոք, իրենց այդքան թանկ կյանքերի գնով։ Աբուլը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող էր, ու ինչպես բոլոր պատանիները, շտապում էր մեծանալ։

Ո՞վ կարող էր ենթադրել, որ նրա սերնդին վիճակված էր այդքան արագ մեծանալ՝ մարտի դաշտում… Ալբերտի հարազատների, ընկերների եւ մտերիմների հետ սգում ենք այս ծանր եւ անդառնալի կորուստը ու մեր խոր վշտակցությունը հայտնում նրա հարազատներին։ Հանգչիր խաղաղությամբ, լուսավոր տղա…