Հայաստանի 14 դպրոցներում տեղի կունենան դասալսումներ. Կրթության տեսչական մարմինը մասնագետների բազա է ստեղծում

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրթության տեսչական մարմինը հանրակրթական մի շարք դպրոցներում դասալսումներ կիրականացնի։ Այդ նպատակով այժմ ընթանում է մասնագետների բազայի ստեղծման գործընթաց։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց վերոնշյալ տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, դասալսումները տեղի կունենան հանձնարարվող գրավոր աշխատանքներին զուգահեռ: Այդ ստուգումները տեսչական մարմինը կատարում է բովանդակային վերահսկողություն իրականացնելու համար։ Գրավոր աշխատանքները դպրոցներում իրականացվում են հայոց լեզու (թելադրություն) եւ մաթեմատիկա առարկաներից:

Դասալսումները կլինեն նոր ուսումնական տարվա սկզբից՝ սույն թվականի սեպտեմբերի երկուսից մաթեմատիկա եւ ինֆորմատիկա առարկաների դասաժամերին: Այս ընտրությունը, ըստ Շագաֆյանի, պայմանավորված է վերջին 1,5 տարվա ընթացքում մաթեմատիկա առարկայի գրավորների ոչ այնքան հուսադրող արդյունքներով։ Ինֆորմատիկայի դեպքում էլ պատճառն այն է, որ Տեղեկատվական ոլորտն այսօր մեր տնտեսության առաջնահերթություններից է։ ԿՏՄ-ն նպատակ ունի պարզել, թե ինչ տեսք ունի հաստատություններում այս առարկայի դրվածքը:

Դասալսումը ձեւաթղթով գնահատելու մեթոդ է, որը ԿՏՄ-ն մշակել է «Դասավանդիր Հայաստան» միջազգային կրթական կազմակերպության գործընկերների հետ։ Լրամշակվել է անցած տարի հինգ դպրոցներում փորձարկվելու արդյունքում։

Գործընթացը կիրականանա հետեւյալ մեխանիզմով․ տվյալ դպրոցի գրավորի եւ դասալսման արդյունքները՝ լինեն դրական, թե հակառակը, միասին կտրամադրվեն հաստատության տնօրենին եւ դրա մյուս շահառուներին։

Այդպես, ԿՏՄ-ն եւս 1 անգամ կտեղեկացնի, թե որոնք են տվյալ դպրոցում առկա խնդիրները կամ դրական կողմերը, ղեկավարությունն էլ կհասկանա ընդհանուր օրինաչափությունները՝ ինչն է լավ աշխատում, ինչը՝ ոչ։

Նշենք, որ դասալսման բազայում 1-ին փուլի համար նախատեսված է ընտրել քսանութ ուսուցիչ: Ամեն դպրոցում գործունեություն կծավալի 2 մասնագետ: Դասալսումները կիրականացվեն տասնչորս դպրոցներում։ ԿՏՄ-ի ղեկավարի խոսքով՝ փորձել են ընտրել միայն քաղաքային դպրոցներ՝ պայմանավորված մասնագետների ներգրավումը տեխնիկապես ավելի լավ դարձնելու նպտակով։ Բացի այդ, քաղաքային դպրոցներն ավելի մեծ են, քան՝ գյուղականները. «Ցանկանում ենք, որ մեր սուղ հնարավորությունների պայմաններում այս միջամտությունն իրականացնենք ավելի մեծ թվով շահառու ունեցող հաստատություններում»։

Շագաֆյանը, բայց, հավաստիացրեց, որ ամեն ինչ կանեն, որ ուրիշ տեղերում եւս դասալսումներ կազմակերպվեն: «Ես հույս ունեմ, որ դրանով հաստատության ղեկավարն իր լիազորությունների շրջանակներում միջամտություններ է անելու, օրինակ՝ փորձելու է հասկանալ՝ որոնք են տվյալ ուսուցչի թերացման պատճառները»,- նշեց Շագաֆյանը՝ հավելելով, որ այդ գործառույթի հիմնական նպատակը խորհրդատվություն տրամադրելն է։ Պարզ լեզվով ասած՝ մարդկանց սխալը բռնելը չէ։

«Այլեւս դասալսումը բուն ստուգման գործառույթ չունի, այլ ունի աջակցող գործառույթ»,- արձանագրեց նա։ ԿՏՄ-ի ղեկավարի խոսքով՝ հենց սրանով էլ տարբերվում են այս դասալսումները նախկինից․ փոխվել է նպատակը ու գործիքակազմը։

Նշենք, որ տարիներ առաջ եւս տեղի են ունեցել նման գործընթացներ, բայց դադարեցվել են 2019 թվականին՝ պայմանավորված նոր գործիքակազմի մշակմամբ։

Այն ուսուցիչները, որոնք կներգրավվեն մասնագետների բազայում, տեսչական մարմնի մասնագետների հետ վերապատրաստում կանցնեն Երեւանում, Վանաձորում, Գյումրիում եւ կծանոթանան նոր գործիքակազմին։

Հավելենք, որ դասալսումների բազայի համար դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի փետրվարի քսանմեկն էր:

Բազայում ներգրավվելու պարտադիր պայմաններն էին բարձրագույն մանկավարժական կրթությունը՝ համապատասխան որակավորմամբ, ներկայումս աշխատող, վերջին 10 տարվա ընթացքում տվյալ առարկայի (ըստ դիպլոմում նշված որակավորման) դասավանդման մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժը։

Ուսուցիչները պետք է ԿՏՄ-ին ներկայացնեին ավարտած բուհը, մասնագիտությունը, որակավորումը, աշխատանքի ընդունման տարեթիվը, ՀՀ ԿՏՄ-ի վերահսկողական գործառույթներին մասնակցության տարեթիվը եւ ուրիշ մրցույթների մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն:

Շագաֆյանի խոսքով՝ կուսումնասիրեն տվյալները, եւ առավել համապատասխան մասնագետները կընդգրկվեն բազայում, նրանք, բայց չեն վճարվի, որովհետև սա դեռեւս ծրագրի նախնական տարբերակն է: Այն հաջողելու դեպքում, երբ ծրագիրը կլինի հիմնական, կքննարկվի նաեւ այդ խնդիրը: