Չքնաղ հայուհու և ֆրանսիացիների հայերեն էմոցիոնալ և օրիգինալ կատարումը անտարբեր չի թողնի ոչ մի հայի

Ժակլին Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում «ռուսաֆրանսահայերենախառը» խոսել է խմբի անվան, հայերեն երգող իր ֆրանսիացի ընկերների ու ապագայի ծրագրերի մասին։

Արդեն մի քանի օր է՝ համացանցը ողողված է մեղրածոր ձայնով հայերեն երգող աղջկա և նրա խմբի՝ Ladaniva–ի տեսահոլովակներով։ Բացի մեներգչուհուց՝ Ժակլին Բաղդասարյանից, հայերեն երգեր կատարող խմբում ուրիշ հայ չկա։

Հայուհի Ժակլինն ու ֆրանսիացի Լուին երկար մտածում էին, թե ինչպես կոչել իրենց խումբը, երբ բացահայտեցին՝ 2-ի հայրերն էլ ժամանակին «Լադա Նիվա» են ունեցել։ Մտածեցին՝ սրանից լավ անուն չկա, եւ բենդը կոչեցին Ladaniva։

«Չեմ հիշում, թե ինչպես սկսեցինք այդ մասին խոսել, սակայն ես ասացի, որ երբ փոքր էի, հայրս «Լադա Նիվա» մակնիշի մեքենա ուներ, Լուին զարմացած ավելացրեց, որ իր հայրը նույնպես։

Հետո մտածեցինք, որ մեր խումբը հենց այդպես էլ կանվանենք՝ Ladaniva»,- պատմում է Ժակլինն ու ծիծաղում։

Իսկ նրանց գեղեցիկ կատարումը դիտեք ստորև՝