Քննարկվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նոր փուլը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչին:

Ինչպես հայտնեցին Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման նոր փուլին, զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող խնդիրներ:

Ելենա Միլոշևիչը ներկայացրել է ծրագրի շրջանակում մեր երկրի հետ համագործակցության լավ արդյունքները` ասելով, որ Հայաստանում դպրոցական սննդի ապահովման հաջողված փորձը` որպես արդյունավետ մոդել, կարող է ներդրվել նաև ուրիշ երկրներում:

Նա տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվել Հայաստանի հետ առաջիկա տարիների ՊՀԾ համագործակցության նոր ռազմավարությունը, որով նախատեսվում է դպրոցական սննդի ծրագրի հիման վրա ընդլայնել համագործակցությունը` ներառելով նաև սոցիալական ապահովության, գյուղատնտեսության և ուրիշ ոլորտներ:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ կառավարությունն ու մասնավորապես ԿԳՄՍ նախարարությունը կարևորում են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը` ընդգծելով դրանում նոր բաղադրիչների` տեղական արտադրության մթերքների վրա հիմնված ագրոբիզնեսի, դպրոցներում խոհանոցային ենթակառուցվածքների զարգացման ու այլ ուղղությունների ներառումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործունեությանը: Ծրագրի իրագործման արդյունավետության տեսանկյունից էական է դպրոցական խոհարարների վերապատրաստման նոր համակարգի ներդրումը` օգտագործելով նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներուժը:

ՊՀԾ-ի հետ համագործակցությամբ խոհարարները կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն մարզային քոլեջներում և ուսումնարաններում: Կողմերը կարևորել են նաև դպրոցներում սննդի ապահովման կազմակերպման գործընթացի մոնիթորինգի և վերլուծության իրականացումը, որը հնարավորություն կտա բարելավել ծրագրի արդյունավետությունը:

Նշենք, որ Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի ու Արարատի մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հանձնառությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ մնացած մարզերում ծրագիրն իրականացվում է ՊՀԾ աջակցությամբ: Հայաստանում ծրագրի դոնորը Ռուսաստանի Դաշնությունն է: